ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Քարոզարշավի «հմայքն» ու «թշվառությունը»

Քարոզարշավի «հմայքն» ու «թշվառությունը»
01.02.2013 | 00:30

Քարոզարշավն իր կես ճամփին է: Կարելի է ուրվագծել` «յո՞ երթան» թեկնածուները:
Ասենք մեկընդմիշտ. հայաստանյան ընտրությունների քարոզարշավի պատմության մեջ եզակի անգամ հանգիստ-դանթող վիճակ է: Եթե չհաշվենք իշխանական թեկնածուի թույլ տված վերջին «բացթողումները», որոնք, ոմանց պնդմամբ, հոգնած պոռթկումներ են, ոմանց գնահատմամբ էլ` ընդամենը քաղտեխնոլոգիա` միտված ընտրությունների աշխուժացմանը:
Նրանց իրենց կարծիքի հետ թողնենք միայնակ, շարունակենք հիշել հին-բարի ժամանակները, երբ թեկնածուների, մանավանդ ընդդիմադիր, ոտների տակ կով, եզ, ջորի, մոզի, ինչ ասես` չէին մորթում, ի նշան խոր երախտագիտության: Գյուղի տատիկները պաչում էին ընդդիմադիր թեկնածուների թշերը, ստիպված` իշխանական թեկնածուի համար նույնպես նման անկեղծ տատիկներ էին գտնվում, որ համ էլ էպոսային օրհնանքներ տան, բռնեն թագավորների ձեռները, մի քիչ կանգնեն նրանց կողքին: Հիմա արդեն Էպոսն «անձամբ» է մասնակցում ընտրություններին, ճիշտ է, որևէ քարոզչություն դեռ չի անում, բայց, մյուս կողմից էլ, որևէ տատիկ մինչև հիմա չի երևացել էկրաններին:
Այսպիսով, այս ընտրությունները ոչ միայն հանգիստ են, այլև ահավոր քաղաքակիրթ, այնքան, որ համարյա թե բացակայում է ֆոլկլորը, ինչն անչափ անհրաժեշտ տարր է, մանավանդ հայոց մենթալ պլանի տեսանկյունից:
Քարոզարշավի հաջորդ բացը կրկին ու կրկին նույնն է` դեբատների բացակայություն: Փոքր-ինչ անհասկանալի է, թե ինչու այս ինստիտուտը, երբ ընտրությունների կազմակերպիչ-մենեջերները շեշտը դրել են քաղաքակրթական նոտայի վրա, այդպես էլ չկարևորվեց, մանավանդ որ բանավիճողների բանակը` Հայրիկյան, Րաֆֆի, Բագրատյան, բավականին գունեղ ու, ինչպես ընդունված է ասել, «տիպային հանգամանքներում» էր:
Դեռ կես ճամփին ենք, գուցե և այս կիրառումը տեղ գտնի հայոց «քաղաքակրթական» քարտարանում, ուր, ինչպես ասացինք, նոր ձեռագիր է կիրառվում նաև ընդդիմադիր թեկնածուների պարագայում: Նկատի ունենք վերջիններիս համատեղ հայտարարությունը` արված Հայոց բանակի օրը, ուր բանակի առնչությամբ ոչինչ չկար, սակայն դրսևորված կոնսոլիդացիան արտահայտություն էր, որ մեզանում կան օրեր, երբ միասնականությունն անառարկելի է:
Ապա և` հայտարարությունը «հավաստում» էր, որ այլևս չկան ընդդիմադիր անհանդուրժողական բացականչումներ` «Վերջ սերժանտացմանը, դոդացմանը, ռոբոտացմանը», հակընդդեմ ճամբարից էլ` «էլ քոռ փիսո, էլ քաչալ շուն», որն էլ ենթագիտակցական թշնամանքի կարող էր հանգեցնել` հասարակությունը բաժանելով ոչ թե բանավիճող, այլ միմյանց չհանդուրժող կողմերի, որպես հեշտ ղեկավարվող հումք:
ՈՒ հիմա փոքր-ինչ դժվար է ասել` ընտրությունների կրքոտ-միտինգայի՞նն է լավ, թե՞ հանդարտ-դանթողը: Մանավանդ, ոնց երևում է, ոսկե միջինը մեզ մոտ, մեր «խասիաթի» հանգույն, չի ստացվում. կամ էս է, կամ էն:
Հասկանալի է, ընտրությունների ազատ ճարտարապետ-քարշարները փորձել են այս ամենը ծառայեցնել ավելի մեծ «քաղաքակրթական» նշանակության` հայոց մեջ առաջին անգամ ներմուծելով միմյանց շնորհավորելու, հաղթած թեկնածուի ձեռքը սեղմելու «սրբազան» նպատակը, ինչը նախագծվում էր դեռևս 2008 թվականին, սակայն, հասկանալի պատճառներով, չստացվեց: Իսկ եթե ավելի անկեղծ` «թույլ չտրվեց»:
Կստացվի՞ այս անգամ:
Այո՜։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3288

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ